Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Կանոնադրություն

<<ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1.      <<ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ>> կուսակցությունը /այսուհետ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ/ իր գաղափարական ծրագրերի հիման վրա, իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր միավորում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.2.      ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ոչ առևտրային, հասարակական-քաղաքական կազմակերպություն համարվող իրավաբանական անձ է:

1.3.      ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և ունի դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև կնիք:

1.4.      ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անվանումն է` ՙՀայոց Համազգային  Շարժում՚ կուսակցություն, հապավումը` ՙՀՀՇ՚:

1.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  գտնվելու վայրն է` ՀՀ, Երևան - 10, Սարյան    փողոց, 38 շենք:

 

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

 

2.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նպատակն է ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր   զարգացումը:

2.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի իր նպատակին հասնելու քաղաքական ծրագիր, որից

ելնելով մշակում և իրականացնում է իր գործելակերպը:

2.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրությունների միջոցով մասնակցում է ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը և դրանց գործունեությանը:

2.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել ՀՀ այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, պետական   հաստատությունների և անձանց հետ: ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող է համագործակցել նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ:

2.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է օրինականության, կամավորության,

իրավահավասարության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

2.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆը գործում է ՀՀ ողջ տարածքում:

 

3.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր

պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

3.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և

անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում

հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների,

իսկ նրա անդամները` Կուսակցության պարտավորությունների համար, բացառությամբ

սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

3.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով.

ա/ տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին,

բ/ հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ,

գ/ կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,

դ/ ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել դրանց հետ կապված

պարտականություններ,

ե/ կնքել պայմանագրեր և գործարքներ,

զ/ իրականացնել միջազգային գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր այլ

երկրների ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների,

կուսակցությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական-քաղաքական

կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել այլ երկրներ,

հրավիրել քաղաքացիներ այլ երկրներից,

է/ ներկայացնել, պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը

այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական

ինքնակառավարման մարմիններում,

ը/ իրականացնել օրենսդրությամբ չարգելված, իր նպատակներին համապատասխան այլ

գործունեություն:

3.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պարտավոր է`

ա/ հրապարակել իր միջոցների օգտագործման տարեկան հաշվետվությունը,

բ/  վարել իր անդամների հաշվառումը:

 

4.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած Հայաստանի

Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն

ու կանոնադրությունը, ցանկանում է մասնակցել վերջինիս գործունեությանը և չի

հանդիսանում այլ կուսակցության անդամ:

4.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ անդամագրվել կամ կուսակցությունից դուրս գալ ցանկացող անձինք սահմանված կարգով գրավոր դիմում են ներկայացնում կուսակցության համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի անունով:

4.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը մուծում է մուտքի վճար, ստանում է անդամատոմս և ունենում է հաշվառման թերթիկ:

4.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամն իրավունք ունի.

ա/ մասնակցել կուսակցության գործունեությանը,

բ/  ընտրել և ընտրվել կուսակցության մարմիններում,

գ/  ստանալ սպառիչ տեղեկատվություն կուսակցության գործունեության մասին, այն

բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել դիմումներ և

առաջարկություններ,

դ/  ազատ դուրս գալ կուսակցությունից` մնալով կամ չմնալով նրա համակիրների ցուցակում:

4.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը կարող է ընտրվել վարչության կամ վերահսկիչ հանձնաժողովի կազմում, նա չի կարող միաժամանակ լինել կուսակցության մեկից ավելի մարմնի ղեկավար:

Վարչության և վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել

տարածքային կազմակերպության խորհրդի կամ սկզբնական կազմակերպության ղեկավար:

4.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը պարտավոր է.

ա/ մուծել անդամավճար,

բ/  մասնակցել կուսակցության գործունեությանը,

գ/  պաշտպանել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին բոլոր մակարդակի

ընտրություններում,

դ/ չվարկաբեկել իր վարքով և գործունեությամբ կուսակցությանը, չծավալել քարոզչություն կամ այլ գործունեություն կուսակցության ծրագրին հակառակ,

ե/ կատարել սույն կանոնադրության պահանջները:

4.7. Մեկ տարվա ընթացքում անդամավճար չմուծած անձինք կարող են հանվել հաշվառումից որպես կուսակցության անդամներ:

4.8. Եթե կուսակցության անդամը խախտում է սույն կանոնադրության պահանջները, ապա

տարածքային կազմակերպության խորհուրդը կարող է նրան նախազգուշացնել կամ

հեռացնել կուսակցության անդամությունից:

4.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամի հարցը չի կարող քննարկվել նրա բացակայությամբ,

բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցականը գրավոր կամ հրապարակավ հրաժարվում է քննարկմանը ներկա գտնվելուց կամ հրավերից հետո անհարգելի պատճառով չի ներկայանում համապատասխան նիստին:

4.10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ հեռացված անդամը կարող է վերականգնել իր անդամությունը ոչ շուտ, քան երեք ամիս անց, ընդհանուր հիմունքներով:

4.11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համակիրները հաշվառվում են տարածքային կազմակերպության

խորհրդի կողմից:

 

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

5.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքը հաստատվում է համագումարում:

5.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմիններն են.

ա/ համագումարը,

բ/  հանրապետական խորհուրդը,

գ/  վարչությունը,

դ/  վերահսկիչ հանձնաժողովը,

ե/  մարզային խորհուրդները,

զ/  տարածքային կազմակերպությունները,

է/  սկզբնական կազմակերպությունները,

Մարզային խորհուրդները, տարածքային և սկզբնական կազմակերպությունները

կուսակցության առանձնացված տարածքային ստորաբաժանումներն են: Մարզային  խորհուրդները և տարածքային կազմակերպությունները ունեն մասնաճյուղի կարգավիճակ, իսկ սկզբնական կազմակերպությունները`ներկայացուցչության:

5.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինները մշակում և հաստատում են իրենց գործունեության

կանոնակարգերը:

5.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարն իրավազոր է, եթե նրան մասնակցում են պատվիրակների ընդհանուր թվաքանակի առնվազն 2/3-ը: Կուսակցության մնացած մարմինների ընդհանուր ժողովներն իրավազոր են, եթե նրանց մասնակցում են այդ մարմինների անդամների կեսից ավելին:

5.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի և մնացած մարմինների ընդհանուր ժողովների

որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և      լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5.7  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհուրդների, վարչության և հանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում են նրանց անդամների կեսից ավելին: Նիստերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան այդ մարմինների անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

 

6.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

 

6.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարը իրավասու է քննարկել և լուծել կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

6.2. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ`

ա/ ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, փոփոխություններ կատարում դրանց մեջ,

բ/  իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր

հանձնաժողովներ,

գ/  քննարկում և որոշումներ է ընդունում կուսակցության գործունեության կարևորագուն

խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ,

դ/  որոշում է վարչության թվակազմը, գաղտնի քվեարկությամբ պատվիրակներից ընտրում է կուսակցության վարչություն: Ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: (Այս կետի տվյալ խմբագրությունը ձևակերպվել է ՀՀՇ XVI համագումարի կողմից կանոնադրությունում կատարված փոփոխությամբ)

ե/  պատվիրակներից ընտրում է կուսակցության վերահսկիչ հանձնաժողով երկու տարի

ժամկետով,

զ/  ստեղծում և լուծարում է կուսակցության տարածքային և սկզբնական

կազմակերպությունները, հաստատում է դրանց կանոնադրությունները,

է/  լսում է ընտրված մարմինների հաշվետվությունները,

ը/  վարչության առաջարկով հաստատում է ՀՀ Նախագահական ընտրություններում

կուսակցության կողմից պաշտպանվող անձի թեկնածությունը:

6.3. Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ` վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կուսակցության մարմիններին և անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ:

6.4. Արտահերթ համագումար հրավիրում է վարչությունը` իր կամ հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

6.5. Արտահերթ համագումարի պատվիրակներ են հանդիսանում նախորդ` հերթական

համագումարի պատվիրակները:

 

7.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

7.1. Հանրապետական խորհուրդը կազմված է կուսակցության վարչության նախագահից,

տեղակալից (տեղակալներից), գործադիր քարտուղարից և տարածքային

կազմակերպությունների խորհուրդների նախագահներից:

7.2. Հանրապետական խորհուրդը`

ա/ քննարկում և որոշումներ է ընդունում կուսակցությանը վերաբերող ցանկացած հարցի

վերաբերյալ` բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված

են կուսակցության համագումարի և վարչության բացառիկ իրավասությանը,

բ/  սահմանում է կուսակցությանը անդամագրվելու և կուսակցության անդամների ու

համակիրների հաշվառման կարգը,

գ/  սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափը, դրանց մուծման և կուսակցության

մարմինների միջև բաշխման կարգը,

դ/  քննարկում և հաստատատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան

հաշվետվությունը կուսակցության միջոցների օգտագործման մասին,

ե/  կազմում և վարչության հաստատմանն է ներկայացնում կուսակցության կողմից

առաջադրվող Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուների ընտրական ցուցակը

և այդ ընտրություններում կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով

առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցանկը,

զ/  համագումարի պատվիրակների մանդատ է տալիս վարչության անդամներին, վերահսկիչ հանձնաժողովի անդամներին, կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին, կուսակցության անդամ Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին,

է/  հաստատում է վարչության նախագահին, տեղակալին (տեղակալներին) և գործադիր

քարտուղարին,

ը/  վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպության

խորհրդի գործունեությունը: Նոր խորհրդի ընտրությունը կազմակերպվում է մեկ ամսվա

ընթացքում,

թ/  վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային և սկզբնական

կազմակերպությունների գործունեությունը: Այդ կազմակերպությունների ընդհանուր

ժողովը հրավիրվում է վարչության կողմից եռամսյա ժամկետում:

7.3. Հանրապետական խորհրդի նիստը վարում է վարչության նախագահը, իսկ նրա

բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ` վարչության նախագահի տեղակալը

(տեղակալները) կամ վարչության գործադիր քարտուղարը:

7.4. Հանրապետական խորհրդի նիստ հրավիրվում է առնվազն երկու ամիսը մեկ անգամ`

վարչության նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է

խորհրդի անդամներին ոչ ուշ, քան երեք օր առաջ:

7.5. Հանրապետական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է վարչության նախագահի

կողմից` իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով, կամ

վարչության անդամների 1/3-ի պահանջով: Արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

7.6. Կուսակցության մարմինների, սույն կանոնադրությամբ չկանոնակարգված միևնույն հարցի վերաբերյալ հակասական որոշումների դեպքում հանրապետական խորհրդի որոշումը վերջնական է:

 

8.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

 

8.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում կուսակցության կառավարումն

իրականացնում է կուսակցության մշտապես գործող մարմինը`վարչությունը:

8.2. Վարչությունը կազմված է 25 անդամներից: (Այս կետն ուժը կորցրել է ՀՀՇ XVI  համագումարի ընդունած փոփոխություններից հետո):

8.3. Վարչությունը`

ա/ գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վարչության նախագահ, վարչության

նախագահի տեղակալ (տեղակալներ) և վարչության գործադիր քարտուղար` երկու տարի

ժամկետով,

բ/  իր կամ հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ որոշում է ընդունում հերթական

կամ արտահերթ համագումար հրավիրելու մասին, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը, տարածքային կազմակերպություններին տրվող քվոտաները,

գ/ ստեղծում և կազմալուծում է կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները`  հանձնաժողովներ և ակումբներ (օրինակ` երիտասարդական, բնապահպանության, մշակույթի, սպորտի, ձեռնարկատերերի և այլն), նշանակում և ազատում այդ ստորաբաժանումների նախագահներին, քարտուղարներին և վերահսկիչներին, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,

դ/  նշանակում և ազատում է մարզային խորհուրդների ղեկավարներին,

ե/  նշանակում է տարածաքային կազմակերպության ղեկավար` համապատասխան

տարածքային խորհրդի ներկայացմամբ,

զ/ նշանակում է սկզբնական կազմակերպության ղեկավար` համապատասխան սկզբնական

կազմակերպության ներկայացմամբ,

է/  հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

ը/  իր անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում կուսակցությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ`

բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են

կուսակցության համագումարի և հանրապետական խորհրդի բացառիկ իրավասությանը,

թ/ մինչև հանրապետական խորհրդին ներկայացնելը քննարկում և հաստատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը կուսակցության միջոցների օգտագործման մասին,

ժ/  լսում է մարզային խորհուրդների ղեկավարների հաշվետվությունները,

ժա/  մշակում, քննարկում և հաստատում է կուսակցության նախընտրական ծրագրերը,

ժբ/   իր նիստում հանրապետական խորհրդի ներկայացմամբ որոշում է կուսակցության

կողմից առաջադրվող Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների

ընտրական ցուցակը և այդ ընտրություններում կուսակցության կողմից մեծամասնական

ընտրակարգով առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցանկը, այդ նիստին

մասնակցում են կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների

ղեկավարները,

ժգ/ օրենքով սահմանված կարգով հիմնում է պաշտոնաթերթ, վարչության նախագահի   ներկայացմամբ նշանակում և ազատումէ պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին,

ժդ/ հիմնում է զանգվածային լրատվության այլ միջոցներ և նշանակում դրանց ղեկավարներին, օրենքով սահմանված կարգով,

ժե/ ընդունում է որոշումներ կուսակցության միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին,

ժզ/ կազմակերպում է կուսակցության համագումարի որոշումների իրականացումը,

ժէ/ կազմակերպում է կուսակցության համագումարի և հանրապետական խորհրդի նիստերի հրավիրման հետ կապված աշխատանքները,

ժը/ կոորդինացնում է մարզային խորհուրդների աշխատանքները,

ժթ/ քննության է առնում կուսակցության կառույցների ընդունած որոշումների

համապատասանությունը կուսակցության կանոնադրությանը և կայացնում

համապատասխան որոշում,

ի/ քննության է առնում կուսակցության մարմինների և անդամների դիմումները

կանոնադրական դրույթների վերաբերյալ և տալիս եզրակացություն,

իա/ տալիս է եզրակացություն տարածքային և սկզբնական կազմակերպությունների

գործունեությունը կասեցնելու վերաբերյալ,

իբ/  կասեցնում է տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը մինչև

հանրապետական խորհրդի առաջիկա նիստի որոշումը, որը վերջնական է,

իգ/  մեկ ամսվա ընթացքում քննության է առնում և վերջնական որոշում ընդունում

կուսակցության անդամությունից հեռացման վերաբերյալ` տարածքային

կազմակերպությունների խորհուրդների որոշումները բողոքարկելու դեպքում,

իդ/ սահմանում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի        կառավարման կարգը:

8.4. Մարզային խորհուրդների ներկայացմանբ վարչությունը որոշում է տեղական

ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցանկը:

8.5. Վարչության նախագահը`

ա/ կազմակերպում է հանրապետական խորհրդի և վարչության աշխատանքները, հրավիրում և վարում է հանրապետական խորհրդի և վարչության նիստերը, ստորագրում դրանց որոշումները և արձանագրությունները,

բ/  հանդես է գալիս վարչության անունից,

գ/  ներկայացնում է վարչությունը պետական և այլ կազմակերպությունների հետ

հարաբերություններում:

8.6. Վարչության նախագահի տեղակալը`

ա/ կատարում է վարչության նախագահի հանձնարարությունները և փոխարինում նրան`

վերջինիս բացակայության ժամանակ,

բ/  կատարում է վարչության կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ,

գ/  վարչության նախագահի հանձնարարությամբ կամ նրա բացակայության ժամանակ վարում է վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:

8.7. Վարչության գործադիր քարտուղարը`

ա/ ղեկավարում է վարչության աշխատակազմը,

բ/  մշակում և վարչության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի

կառուցվածքը և հաստիքացուցակը,

գ/  վարում է կուսակցության անդամների և համակիրների հաշվառումը,

դ/ հանրապետական խորհրդի որոշումների հիման վրա տնօրինում է կուսակցության գույքը, կնքում տնտեսական պայմանագրեր,

ե/  ապահովում է կուսակցական մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ,

զ/ վարչության նախագահի կամ նրա տեղակալի (տեղակալների) բացակայության ժամանակ վարում է վարչության կան հանրապետական խորհրդի նիստերը:

8.8. Վարչության նիստ հրավիրվում է առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` վարչության

նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վարչության

անդամներին ոչ ուշ, քան երեք օր առաջ:

8.9. Վարչության արտահերթ նիստ հրավիրվում է վարչության նախագահի կողմից` իր

նախաձեռնությամբ, կամ վարչության անդամների 1/3-ի, կամ հանրապետական խորհրդի

անդամների 1/5-ի, կամ որևէ տարածքային կազմակերպության խորհրդի պահանջով:

Վարչության արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա

ժամկետում:

 

9.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

9.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում կուսակցության նյութական և

ֆինանսական միջոցների օգտագործումն ուսումնասիրելու և համագումարին այդ մասին

եզրակացություն ներկայացնելու համար համագումարի կողմից ընտրվում է վերահսկիչ

հանձնաժողով: Վերահսկիչ հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

9.2. Վերահսկիչ հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վերահսկիչ

հանձնաժողովի նախագահ:

9.3. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:

9.4. Վերահսկիչ հանձնաժողովի նիստը հրավիրվում է 6 ամիսը մեկ անգամ` այդ հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է այդ հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

9.5. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է այդ հանձնաժողովի նախագահը իր նախաձեռնությամբ` վերահսկիչ հանձնաժողովի անդամների 1/3-ի կամ վարչության և հանրապետական խորհրդի որևէ անդամի պահանջով: Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

9.6. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է պահանջել կուսակցության գործունեությանն առնչվող    ցանկացած տեղեկատվություն:

 

10.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԽԱՐՀՈՒՐԴԸ

 

10.1. Մարզային խորհուրդը կազմված է մարզային խորհրդի ղեկավարից, տվյալ մարզում գործող կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարներից և տարածքային կազմակերպությունների խորհուրդների կողմից ընտրված մեկական ներկայացուցչից:

10.2. Կուսակցության մարզային խորհուրդը կուսակցության առանձնացված տարածքային ստորաբաժանումն է, որը տվյալ մարզում իրականացնում է ներկայացուցչական և վարչության կողմից հաստատված, կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

10.3. Մարզային խորհուրդները իրավաբանական անձ չեն, կարող են ունենալ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և կուսակցության կողմից տրամադրված գույք:

10.4. Մարզային խորհուրդը համակարգում է տվյալ մարզում գործող տարածքային և սկզբնական կազմակերպությունների աշխատանքները:

10.5. Մարզային խորհուրդը տարածքային կազմակերպության խորհրդի առաջարկով վարչության հաստատմանն է ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը:

10.6. Մարզային խորհրդի ղեկավարին նշանակում և ազատում է կուսակցության վարչությունը` վարչության նախագահի ներկայացմամբ մեկ տարի ժամկետով:

10.7. Մարզային խորհրդի ղեկավարը`

ա/ ղեկավարում է մարզային խորհրդի գործունեությունը,

բ/  հրավիրում և վարում է մարզային խորհրդի նիստերը, ստորագրում դրանց

արձանագրությունները,

գ/  կազմակերպում է մարզային խորհրդի աշխատանքները,

դ/  երկու ամիսը մեկ գրավոր հաղորդում է տեղեկություններ կուսակցության վարչության

գործադիր քարտուղարին` մարզում գործող տարածքային կազմակերպություններում

հաշվառված անդամների, կատարված աշխատանքների վերաբերյալ,

ե/  ներկայացնում է կուսակցությունը տվյալ մարզում, հանդես է գալիս մարզային խորհրդի

անունից:

10.8.    Մարզային խորհուրդը իր կազմից ընտրում է վերստուգիչ մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել մարզային խորհրդի գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

 

11.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

11.1. Վարչությունը ՀՀ համայնքներում ձևավորում է կուսակցության տարածքային

կազմակերպություններ և ներկայացնում համագումարի հաստատմանը:

11.2. Կուսակցության տարածքային կազմակերպությունը կուսակցության առանձնացված

տարածքային ստորաբաժանում է, որը վարչության որոշմամբ իրեն կցված համայնքների

տարածքում իրականացնում է ներկայացուցչական և վարչության կողմից հաստատված,

կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ :

11.3. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է:

11.4. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովը`

ա/ գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության

խորհուրդ, մինչև մեկ տարի ժամկետով,

բ/  ընտրում է կուսակցության համագումարի պատվիրակներ,

գ/  հաստատում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տարեկան

հաշվետվությունը տարածքային կազմակերպության խորհրդի գործունեության և

միջոցների օգտագործման մասին,

դ/ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության վերստուգիչ մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել տարածքային կազմակերպության գործունեությանը առնչվող ցանկացած տեղեկատվություն:

11.5. Տարածքային կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` տարածքային կազմակերպության խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է տարածքային կազմակերպությունում հաշվառված կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 20 օր առաջ:

11.6. Տարածքային կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրում է տարածքային կազմակերպության խորհուրդը` իր, վարչության կամ հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպության խորհրդի առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կազմակերպության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

11.7. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում տարածքային կազմակերպության ղեկավարումն իրականացնում է կազմակերպության խորհուրդը:

11.8. Տարածքային կազմակերպության խորհուրդը`

ա/ գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության

խորհրդի ղեկավարի թեկնածու և ներկայացնում վարչությանը` խորհրդի ղեկավար

նշանակելու համար,

բ/  քաղաքացիների դիմումների հիման վրա նրանց անդամագրում է կուսակցությանը,

գ/  իր անունից անում է հայտարարություններ, քննարկում և ընդունում է որոշումներ

կուսակցության տարածքային կազմակերպությանը վերաբերող ցանկացած հարցի

վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված

են տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը,

դ/  ներկայացնում է առաջարկություններ Ազգային Ժողովի ընտրական ցուցակների կազմի

մասին,

ե/  մարզային խորհրդին է առաջարկում տեղական ինքնակառավարման մարմինների

ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը,

զ/  ազատում է տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարին:

11.9.  Տարածքային կազմակերպության խորհրդի նիստեր է հրավիրվում առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` խորհրդի ղեկավարի կողմից:Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի հրավիրման և օրակարգի հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան 3 օր առաջ:

11.10. Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է խորհրդի

ղեկավարի կողմից` իր նախաձեռնությամբկամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նախաձեռնողի

օրակարգով` մեկօրյա ժամկետում:

11.11. Կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարը`

ա/ ղեկավարում է տարածքային կազմակերպության գործունեությունը,

բ/ հրավիրում և վարում է տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը, ստորագրում դրանց արձանագրությունները,

գ/  ներկայացնում է կուսակցության տարածքային կազմակերպությունները,

դ/  կազմակերպում է կուսակցական ժողովներ, տարածքային կազմակերպությանը կցված

համայնքում (համայնքներում),

ե/  վարում է տարածքային կազմակերպությանը կցված տարածքում բնակվող

կուսակցության անդամների և կուսակցության համակիրների հաշվառում,

զ/  կազմակերպում է անդամավճարների գանձումը և դրա որոշված մասի փոխանցումը

կուսակցության հաշվեհամարին` հանրապետական խորհրդի կողմից սահմանված

կարգով,

է/  երկու ամիսը մեկ գրավոր տեղեկություններ է հաղորդում կուսակցության մարզային

խորհրդի նախագահին` տարածաքային կազմակերպությունում հաշվառված

կուսակցութան անդամների, կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

12.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

12.1. Մարզային խորհրդի ղեկավարի առաջարկությամբ վարչությունը ՀՀ համայնքներում

ձևավորում է կուսակցության սկզբնական կազմակերպություններ և ներկայացնում

համագումարի հաստատմանը:

12.2. Սկզբնական կազմակերպության բարձրագույն մարմինը, կազմակերպության ընդհանուր ժողովն է:

12.3. Սկզբնական կազմակերպությունը իրավաբանական անձ չէ, գործում է վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա, կարող է ունենալ կուսակցության կողմից

տրամադրված գույք:

12.4. Սկզբնական կազմակերպության ղեկավարին նշանակում է վարչությունը`

կազմակերպության ներկայացմամբ, որը գործում է մեկ տարի ժամկետով:

12.5. Սկզբնական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է կազմակերպության

գործունեությունը:

12.6. Սկզբնական կազմակերպության ղեկավարին ազատում է կազմակերպության ընդհանուր ժողովը:

12.7. Սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովը իր կազմից ընտրում է սկզբնական    կազմակերպության վերստուգիչ, որը կարող է պահանջել սկզբնական կազմակերպության

գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

 

13.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

 

13.1. Կուսակցության հանձնաժողովները և ակումբները ստեղծվում են վարչության կողմից:

13.2. Հանձնաժողովները և ակումբները կազմված են դրանց նախագահներից, քարտուղարներից, վերստուգիչներից, որոնք նշանակվում են վարչության կողմից մեկ տարի ժամկետով և  անդամներից:

13.3. Հանձնաժողովներում և ակումբներում կարող են ընդգրկվել կուսակցության անդամ             չհանդիսացող մասնագետներ, որոնք չեն կարող լինել նախագահ, քարտուղար կամ վերստուգիչ:

13.4. Հանձաժողովները և ակումբները`

ա/ մշակում և կուսակցության վարչության հաստատմանն են ներկայացնում իրենց

գործունեության ծրագրերը,

բ/  նախապատրաստում են զեկույցներ և տեղեկանքներ իրենց գործունեության վերաբերյալ,

գ/ կազմակերպում են հասարակական քննարկումներ, սեմինարներ կամ բանավեճեր առանձին խնդիրների վերաբերյալ:

13.5.Հանձնաժողովների և ակումբների նախագահները կազմակերպում են այդ ստորաբաժանումների աշխատանքները:

13.6.Հանձնաժողոների և ակումբների քարտուղարները կազմակերպում են այդ ստորաբաժանումների գործավարությունը:

13.7. Հանձնաժողովների և ակումբների վերստուգիչները կարող են պահանջել այդ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

 

14.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԽՈՒՄԲԸ

 

14.1. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված կուսակցության անդամները ՀՀ

օրենսդրությամբ, սահմանված կարգով, ստեղծում են Ազգային Ժողովի կուսակցության

խմբակցություն կամ խումբ:

14.2. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված կուսակցության անդամները պարտավոր են ընդգրկվել Ազգային Ժողովում կուսակցության խմբակցության կամ խմբի մեջ:

14.3. Վարչության համաձայնությամբ կարող է ստեղծվել Ազգային Ժողովի համատեղ խումբ այլ կուսակցությունների հետ:

 

15.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

15.1. Կուսակցությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

15.2. Կուսակցությունը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք (ներառյալ` դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ), ինչպես նաև մտավոր սեփականություն:

15.3. Կուսակցության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:

15.4. Կուսակցության սեփականությունը գոյանում է`

ա/ անդամավճարներից,

բ/ օրենքով սահմանված կարգով իրականացված հրատարակչական գործունեությունից, ոչ պետական աղբյուրներից ստացվող նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից,

գ/  օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

15.5. Կուսակցության միջոցներն օգտագործվում են միայն նրա գործունեության, նպատակների իրականացման համար` հանրապետական խորհրդի որոշումների հիման վրա:

15.6.Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կուսակցության   գույքը կառավարում են վարչության կողմից սահմանված կարգով:

 

16.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

16.1. Կուսակցությունը կարող է լուծարվել և վերակազմակերպվել (միաձուլվել, միացվել,

բաժանվել, առանձնացվել,) համագումարի որոշմամբ` օրենքով

սահմանված կարգով:

16.2. Կուսակցությունը կարող է լուծարվել (գործունեությունը դադարեցնել առանց նրա

իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց

անցնելու) օրենքով սահմանված կարգով և օրենքով սահմանված դեպքերում:

16.3. Լուծարման դեպքում կուսակցության գույքն ուղղվում է կուսակցության նպատակների և խնդիրների իրականացմանը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:

 

 

 

 

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ