Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Վ. Հայոցյան. Սահմանադրության օրը դարձել է ընդամենը «ոչ աշխատանքային օր»

Այսօր Սահմանադրության օրն է, որը պետք է, որ տոն լիներ: Բայց արդեն շուրջ 15 տարի է՝ այս իշխանությունների շնորհիվ այն դարձել է ընդամենը սովորական «ոչ աշխատանքային օր»: Եթե հաշվի առնենք, որ ժողովրդի փոքր մասն աշխատում է, մյուսների համար այն ոչնչից չտարբերվող հերթական օրն է՝ լի առօրյա հոգսերով ու չլուծված խնդիրներով: Սահմանադրությունը նրա համար չէ, որ կեղծիքներով նախագահ դարձած մարդը երդման արարողության ժամանակ ձեռքը դնի Սահմանադրության վրա, հետո ծալի այն, գցի մի կողմ եւ առաջնորդվի իր՝ չգրված օրենքներով:

Քոչարյանն իր ղեկավարության 10 տարիների ընթացքում երդման արարողությունից հետո մեկ էլ 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդից հիշեց կամ հիշեցրին, որ գոյություն ունի Սահմանադրություն, ինչն էլ երկիրը փրկեց քաոսից: 2005-ին գլխի ընկավ, կամ հուշեցին, որ սահմանադրական փոփոխություններրի շնորհիվ /երկքաղաքացիության արգելքը հանելով/ կսիրաշահի սփյուռի մեր հայրենակիցներին, ինչը ֆինանսական մեծ հոսքեր կապահովի Հայաստան /այդ գումարները գրպանելը տեխնիկայի հարց է, ինչին լավ է տիրապետում եւ ինքը, եւ իր իրավահաջորդը/: Իհարկե, հայ մարդու համար մեծ պատիվ է ու հաճելի ՀՀ քաղաքացի լինելը: Բայց բավարար պայման չէ խոշոր ներդրումներ ու բարեգործություններ անել մի երկրում, որտեղ չեն գործում գրված օրենքները /լավ, թե վատ՝ այլ հարց է/: Քըրք Քըրքորյանի, Վահագն Հովնանյանի եւ այլոց ներդրումները միտված են երկիրը ոտքի կանգնեցնելուն ու շենացնելուն: Այս մարդկանց ծանոթ չեն «ատկատ», «կռիշ», «փայ մտնել» ու նման այլ հասկացություններ:

Շատերը ոգեւորված եկան ու հիասթափված հեռացան, ու շարունակում են հեռանալ իրենց սիրելի հայրենիքից: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը իր նախագահած 10 տարիների ընթացքում 5 անգամ է հիշել Սահմանադրության գոյության մասին, այն է՝

1998թ. երդման արարողության ժամանակ,

1999թ, հոկտեմբերի 27-ին,

2003թ. երդման արարողության ժամանակ,

2005թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ,

2008թ. մարտի 1-ի սպանդի գիշերը:

Գուցե կան էլի մեկ երկու դեպքեր, բայց դրանք արդեն էական չեն: Ռ. Քոչարյանի իրավահաջորդ Ս.Սարգսյանը 2008թ. խայտառակ «ընտրությունների» եւ մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձեռքը դրած Սահմանադրության վրա, երդվում էր իր խոնարհ ծառաների առջեւ, Օպերայի շենքն ու Ազատության հրապարակը շրջափակված էին զինվորներով, երկրում հայտարարված էր «դե ֆակտո» արտակարգ իրավիճակ, մարտի 1-ի զոհերի քառասունքի օրն էր, կալանավայրերում 100-ից ավելի քաղբանտարկյալներ կային: Սա էր այս 5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի միակ առնչությունը Սահմանադրության հետ: Մնացածը եղել է առաջվա պես՝ գործել են չգրված օրենքները: Այսօր Ս.Սարգսյանը նախորդի օրինակով շրջանառության մեջ է գցել Սահմանադրության փոփոխությունների մասին լուրերը: Թե ինչ ենթատեքստ ունի բոլոր ժամանակների իշխանություններին խոնարհ հարսի պես ծառայող Դավիթ Հարությունյանի ակնարկած սահմանադրական փոփոխությունները եւ ինչով կօգնեն դրանք անդունդի եզրին հայտնված իր հերթական «բոսսին», իմ երեւակայությունը թույլ չի տալիս հասկանալ: Այսօր հասարակությունը ոչ թե սպասում է սահմանադրական փոփոխությունների, այլ՝ Սահմանադրական կարգը վերականգնելու է պատրաստ: Ու ես վստահ եմ, որ դա կհաջողվի, քանի որ հորինված է միտքը՝ իբր իշխանությունների դեմ խաղ չկա: Խաղ չկա հասարակության պահանջի դեմ, ինչին մենք շուտով ականատես ենք լինելու: Սահմանադրությունը բլիթ չէ, որ իշխանության եկած ամեն մի նոր մարդ, հարմարեցնի իր քիմքին: Այնպես որ, շնորհավոր Սահմանադրության օրվա առթիվ:

ՎԱՀԱԳՆ ՀԱՅՈՑՅԱՆ, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար:

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ