Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Կոնգրեսը ՏԻՄ ընտրությանը

Հայ ազգային կոնգրեսը քննարկում է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը: Նշվում է, որ համապետական ընտրություններին ամենաշատ կեղծիքներն ապահովվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Եւ եթե ընդդիմությանը հաջողվի տեղեր ապահովել ՏԻՄ-ում, ընտրությունը կեղծելը կբարդանա:

Որոշակի առումով, այդպես էլ կա, սակայն ՏԻՄ-ը Հայաստանում այնքան անկատար ու ձեւական է, որ նույնիսկ դա կարող է չազդել ընտրության արդյունքների վրա:

ՏԻՄ-երը Հայաստանում միայն թղթի վրա են անկախ, իրականում լիովին կախված են գործադիր իշխանությունից: Դրան նպաստում են եւ օրենքի անկատարությունը, եւ այն, որ տեղերում հավաքված հարկերի մեծ մասը գնում է պետական եւ ոչ թե տեղական բյուջեներ, փոխարենը ՏԻՄ-երը գոյություն են պահպանում սուբսիդիաներով:

Ֆինանսական ինքնուրույնության բացակայությունը հանգեցնում է կառավարման լծակների կորստի: ՏԻՄ-երը ենթարկվում են Տարածքային կառավարման նախարարությանը, թեեւ ըստ էության պետք է ենթարկվեն միայն սեփական համայնքային ժողովին:

Դժվար է օրինակ գտնել, երբ համայնքի ժողովը լիազորությունից զրկել է համայնքի ղեկավարին եւ նշանակել նոր ընտրություն: Փոխարենը, բազմաթիվ են դեպքերը, երբ ամբողջ համայնքներ տարիներով տառապել են իրենց «ընտրած» ղեկավարի ձեռքին:

Անկախության տարիներին Հայաստանում այդպես էլ չամրագրվեց այն գիտակցությունը, որ ՏԻՄ-ը համայնքի իշխանությունն է, եւ ինքը պետք է տնօրինի սեփականությունը, բյուջեն, ընտրի ղեկավարներին:

Դա ակնհայտ երեւաց Մաշտոցի պուրակում, որը Երեւանի համայնքի սեփականությունն է: Չնայած դրան, ոչ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ էլ Երեւանի ավագանին չօգտվեցին իրենց իրավունքից, դա վերապահելով Սերժ Սարգսյանին:

Հայ ազգային կոնգրեսը, ընտրություններին մասնակցելուն զուգահեռ, պետք է նախաձեռնի ՏԻՄ համակարգի բարեփոխումը: Եթե համայնքները լինեն ինքնուրույն եւ ֆինանսապես անկախ, դժվար կլինի մանիպուլյացիաներ անել ընտրությունների ժամանակ: Սակայն, քանի դեռ դրանք կախված են կառավարության սուբսիդիաներից, նույնիսկ Կոնգրեսի անդամ համայնքապետը չի կարող կանխել ընտրակեղծիքները:


Նաիրա Հայրումյան

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ