Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Բոլոր ակցիաներին մասնակցում եմ որպես վրդովված, արդարադատություն փնտրող քաղաքացի. Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Հարսնաքարում» սպանված զինվորական վահե Ավետյանի հիշատակի եւ բողոքի ակցիաներին իր մասնակցությանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

«Հայաստանում արդարադատության եւ օրենքի գերակայության հաստատման Շարժման սիրելի մասնակիցներ.

«Հարսնաքարի» դեպքերը դարձան այն դետոնատորը, որ պայթեցրեց մեր կյանքի սովորական ընթացքը եւ բոլորիս, տարբեր քաղաքական հայացքներ եւ համակրանքներ ունեցող, ինչպես նաեւ որեւէ քաղաքական ուղղվածություն չունեղոց' քաղաքացիներիս միավորեց արդարադատության պահանջի, մեր երկրում ապօրինություններին, բռնություններին եւ անպատժելիության վերջ դնելու նպատակի շուրջ: Մեզ միավորել է արժանապատվության սուր զգացումը, քաղաքացիական համարձակությունը եւ երկրում օրենքի իշխանություն հաստատելու երազանքը: Մեր ամբողջ հասարկությունը վրդովված է նրանից, որ տարիներ շարունակ, վայելելով իշխանության հանցավոր հովանավորությունը, մի խումբ մարդիկ իրենց են վերագրել վերին «արդարադատություն» լինելու, մարդկանց իրենց քմահաճույքով Լինչի դատաստանի ենթարկելու իրավունքը:

«Հարսնաքարի» դեպքերին հասարակության հզոր արձագանքը անակնկալ էր իշխանությունների համար, եւ բոլորս կարող ենք հպարտանալ, որ մեր գործողություններով կարողացանք մթնոլորտ փոխել երկրում, արթնացնել ժողովրդի մեջ արդարատաության եւ օրինականության համար պայքարելու ամհրաժեշտության գիտակցումը:

Բայց չգիտես ինչու հենց այս պահին, երբ շարժումը վայելում է իր վճռականության եւ հաստատակամության առաջին պտուղները, երբ սարսափելով հասարակության ընդվզման չափերից, իշխանությունները ստիպված էին պարտադրել Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը ԱԺ պատգամավորի մանդատից, մեր այս ազնիվ նախաձեռնության մասնակիցների մեջ սկսվել են փոխադարձ մեղադրանքներ, որոնք միայն կարող են ջլատել հզոր թափ հավաքած շարժումը:

Որոշ մասնակիցներ խոսում են այն մասին, որ պետք չէ քաղաքականացնել բողոքի ակցիաները: Նրանց հակադարձողները փաստարկում են, որ հնարավոր չէ նպատակի հասնել առանց բողոքներ ուղղելու հանցագործերին հովանավորող իշխանությունների դեմ: Ոմանք ասում են, թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել բողոքի ակցիաներից եւ սեփականացնել շարժումը, նրանց պատասխանողները պնդում են, որ Կոնգրեսը արդեն հինգերորդ տարին է զբաղված այս պայքարով եւ որ ակցիաների մասնակիցների ճնշող մեծամասնությունը Կոնգրեսից են:

Ես կարծում եմ, որ հանուն Վահե Ավետյանի հիշատակի եւ հանուն արդարադատության այս շարժման հաղթանակի' պետք է ամնմիջապես դադարեցնել փոխադարձ մեղադրանքները եւ բոլոր խոսակցություններն այն մասին, թե ով ունի իրավունք մասնակցելու այս շարժմանը, եւ ով' ոչ:

Սա բոլորիս Շարժումն է:

ՆՐԱՆՑ, ովքեր պնդում են, որ պետք չի քաղաքականացնել այն, եւ ՆՐԱՆՑ, ովքեր գտնում են, որ պետք է քաղաքականացնել:

ՆՐԱՆՑ, ովքեր կատարվածի համար մեղավոր են համարում Սերժ Սարգսյանի ռեժիմին եւ ստեղծված արատավոր համակարգը, եւ ՆՐԱՆՑ ովքեր կատարվածի համար մեղադրում են միայն Ռուբեն Հայրապետյանին կամ նրա հովանավորված թիկնապահներին:

ՆՐԱՆՑ ովքեր արդեն հինգ կամ տաս տարի պայքարում են արդարության համար Հայաստանի հրապարակներում կամ բանտերում, եւ ՆՐԱՆՑ, ովքեր առաջին անգամ են մասնակցում նման ակցիաների:

ՆՐԱՆՑ, ովքեր եկել են որպես անկախ քաղաքացի, եւ ՆՐԱՆՑ, ովքեր որեւէ քաղաքական հոսանքի կամ կուսակցության մաս են կազմում:

Այս Շարժումը կհաղթանակի, եթե իրար չվանենք եւ համախմբվենք ընդհանուր նպատակի' արդարադատության հաղթանակի շուրջ: Եւ ամեն ոք թող անկաշկանդ ներկայացնի իր պատկերացումները չարիքի եւ նրա հաղթահարման մասին: Կարծիքների բազմազանությունից ոչինչ չենք կորցնելու, այլ շահելու ենք, դա միայն նպաստելու է, որ նորանոր մարդիկ միանան այս սրբազան գործին:

Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը ակցիաներին, ապա ԱԺ պատգամավոր, Կոնգրեսի խմբակցության ղեկավար լինելը, ինձ չի կարող զրկել քաղաքացու իմ իրավունքներից, եւ ես բոլոր այս ակցիաներին առաջին հերթին մասնակցում եմ հենց որպես վրդովված, արդարադատություն փնտրող ՔԱՂԱՔԱՑԻ: Վստահ եմ, նույն կերպ են վարվում Կոնգրեսի մյուս բոլոր ներկայացուցիչները: Մեր մասնակցությունից դժգոհող բոլոր անհատներին եւ ուժերին առաջարկում եմ օգտվել հենց այդ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ իրավունքից: Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա սեփականացնել ժողովրդական շարժումը:»

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ