Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Վանո Սիրադեղյանին ստիպեցին տարագրվել սեփական երկրից, որի հիմնադիրներից մեկը հենց ինքն էր

Շուրջ մեկ ամիս է, ինչ Facebook-յան հարթակում՝ «Ելք» խմբում ստորագրահավաք է կազմակերպվում ի պաշտպանություն մեր ժամանակի մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի: Անդամագրվելով և խմբում համապատասխան գրառման տակ սեղմելով «լայք»՝ օգտատերերը մասնակցում են ստորագրահավաքին: Այս քիչ ժամանակահատվածում խմբին անդամակցում են շուրջ 676 քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, լրագրողական աշխարհում հայտնի խմբագիրներ, լրագրողներ և պարզապես քաղաքացիներ՝ պահանջելով Վանո Սիրադեղյանի վերադարձը:

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը ևս միացել է ֆեյսբուքյան նախաձեռնությանը: Նրա խոսքերով՝ հասարակության շրջանում Վանո Սիրադեղյանին վերադարձնելու պահանջ առաջացավ այն ժամանակ, երբ հասարակությունը հասկացավ՝ ինչ իշխանության հետ գործ ունի: «Փաստորեն, գործ ունի հանցագործ իշխանության հետ, որն անմեղ մարդկանց նկատմամբ հազարումի քրեական գործ է հարուցում: Հասարակությունը հասկացավ, որ Վանոյի հանդեպ, փաստորեն, այդ նույն տարբերակն է գործել: 1999 թվականից հետո այսքան տարի անց ժողովուրդը արդեն գիտե՝ ով ով է, ովքեր են թալանչիները, և ովքեր են, որ հետապնդման են ենթարկվել և այլն: Սա է պատճառը, որ հասարակական պահանջ առաջացավ պայքարել Վանո Սիրադեղյանի վերադարձի համար»,- մեկնաբանեց Երջանիկ Աբգարյանը՝ ավելացնելով, որ երբ հասարակության շրջանում ինչ–որ նախաձեռնություն է առաջանում, նշանակում է դրա պահանջը կա, թեև Երջանիկ Աբգարյանը չի բացառում, որ իշխանական կողմնորոշում ունեցող մի մասը, բնականաբար, չի ցանկանա տեսնել Վանո Սիրադեղյանին, ավելին՝ կցանկանա նրան տեսնել բանտում: Բայց, նրա համոզմամբ, իրական հասարակությունը, որը ժողովուրդն է ներկայացնում, Վանոյի նկատմամբ չի կարող այդպես տրամադրված լինել:

Երջանիկ Աբգարյանը նշեց, որ Վանո Սիրադեղյանը մեծագույն պետական գործիչ է, մեծ գրող: Նա Վանո Սիրադեղյանի նկատմամբ իրականացվածը համեմատեց Եղիշե Չարենցի նկատմամբ սարքված գործի հետ: «ԽՍՀՄ իշխանությունները Չարենցին վերաբերվեցին այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացվեց Վանոյի դեմ, դա նրան ստիպեց տարագրվել սեփական երկրից, որի հիմնադիրներից մեկը նա էր»,- նշեց Երջանիկ Աբգարյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանի վերադարձը արդարության հաստատումն ու քաղաքական ասպարեզ իսկական հայրենասեր քաղաքական գործիչ բերելն է:

Հարցին, թե այսօր, հասարակական–քաղաքական ներկա իրավիճակում իրատեսակա՞ն է Վանո Սիրադեղյանի վերադարձը, նա ասաց, որ առայժմ լավատեսության հիմքեր չունի: «Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգը շարունակում է գործել, հետևաբար Վանոյի անվտանգության համար երաշխիքներ գոյություն չունեն, այդ պատճառով կարծում եմ, որ նրա վերադարձն այդքան էլ իրատեսական չէ, բայց շատ հեռու չէ»,- եզրափակեց իր խոսքը ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը:

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ